HAYASTAN.PRO

Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել



Մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որն ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական:
«Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում:
Հիշեցնենք` ապրիլի 7-ին, հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, վարակվածը Միհրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, ով  ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել: Իսկ այնուհետև տեղափոխվել է Երևան:
Հայտնի էր դարձել, որ նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից:
Ավելի ուշ հայտարարվեց նաև, որ քաղաքացին ՀՀ-ից վերադառնալուց հետո մասնակցել է Արցախի համապետական ընտրություններին:

OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO