HAYASTAN.PRO

Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կկառուցվի


Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կկառուցվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը հայտնեց, որ մինչ այդ դիահերձարանի կառուցումը Հայաստանը հրաժարվել է կորոնավիրուսից մահացածների հերձումից՝ հետևելով միջազգային մասնագիտական կառույցների ցուցումներին:
«Մինչ համապատասխան օրենքի ընդունումը Հայաստանում նման անձանց հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին»,- ասաց Թորոսյանը:
Այդուհանդերձ, նախարարը չհերքեց, որ եղել են դեպքեր, երբ մահացած անձի մոտ հերձման ընթացքում է հաստատվել կորոնավիրուսի առկայությունը:
Հիշեցնենք՝ մարտի 31–ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու մասին օրինագիծը:
Հայաստանում դիահերձման պարտադիր պահանջում բացառություն սահմանվեց կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքերի համար:

Դիահերձման չենթարկելու որոշումը կտարածվի միայն կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի վրա, քանի որ կառավարության համոզմամբ` այս կերպ հնարավոր կլիներ կանխել հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը:
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:
Միաժամանակ, այդ հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման հետևանքով առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ:
Բացահայտված չէ նաև դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կենսունակության ժամանակահատվածը:


OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO