HAYASTAN.PRO

Երևանում Mercedes-ը բախվել է Նորագավիթի «գայի պոստի» բետոնե պատնեշին. կան վիրավորներ



Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցի և Հյուսիս-Հարավ մայրուղու հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երևթևեկելի գոտուց, բախվել նախկին ճանապարհային ոստիկանության (ժողովրդին հայտնի Նորագավիթի գայի պոստ) պահակակետի բետոնե պատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Գևորգյանը, նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Աբրահամ Հովհաննիսյանն ու Համազասպ Արշակյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO