HAYASTAN.PRO

Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Մանրամասներ աղբյուրից



Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2018 թվականին, սակայն այդ գործարքը ունեցել է երկար տարիների նախապատմություն, որի մանրամասների մասին InfoPort.am-ին հայտնեցին ռազմական շրջանակներում իր հավաստի աղբյուրները:
Այսպես, ի սկզբանե այդ համակարգերի ձեռքբերման գաղափարը հայկական կողմի մոտ ծագել է 2010 թվականին` ելնելով ռազմական գործիչների և փարձագետների վերլուծություններից: Հենց այդ տարիներին գործարար Դավիթ Գալստյանի հետ նախաստորագրվել է «ՕՍԱ-ԱԿ» համակարգերի մատակարարման պայմանագիր 27-28 մլն արժողությամբ: Պայմանագրով այդ գումարով նախատեսվել է ձեռք բերել 22-23 հատ «ՕՍԱ-ԱԿ»:
Նշենք, որ Դավիթ Գալստյանի մասին իր վերջին տեսաուղերձում հիշատակել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանը, ակնարկելով նրա մասնակցության մասին զենքի ապօրինի գործարքներում:
Նշենք, որ պայմանագրի նախաստորագրումից հետո ՀՀ-ն Գալստյանին նույնիսկ վճարել է կանխավճար: Այս առիթով հիշենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան լայվը, որի ընթացքում նա հիշատակում է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկին սպառազինության ձեռք բերման նպատակով 15 մլրդ դրամ տալու, սակայն գործարքը չկայանալու մասին:
Ըստ մեր աղբյուրի` 2010 թվականին կնքված գործարքը իրոք չի կայացել, բայց անկախ ՀՀ-Ի և մատակարարի կամքից: Գործարքի կայացմանը խանգարել են միջազգային զարգացումները, իսկ ավելի կոնկրետ` մատակարար երկրում տեղի ունեցած հեղափոխությունը:
Գործարքի մասին կողմերը ըստ երևույթին հետագայում «մոռացել են»:
Եվ ահա 2018 թվականին` հեղափոխությունից հետո այն վերակնքվել է նույն Դավիթ Գալստյանի հետ, բայց շատ ավելի նպաստավոր պայմաններով` նախ բուն գործարքի գինը, ըստ մեր աղբյուրի, նվազել է մոտ 4%, բացի այդ` մատակարարը այդ գումարով «ՕՍԱ-ԱԿ» համակարգերի փոխարեն պարտավորվել է ՀՀ բերել դրանց ավելի արդիական տարբերակները` «ՕՍԱ-ԱԿՄ»: Ավելացել է նաև մատակարարվող համակարգերի քանակը` մոտ 15-ով:
Բացի այդ մատակարարը համաձայնել է նույն գումարով համակարգերը տեղափոխել աշխարհագրորեն ավելի հեռավոր երկրից, քան նախատեսված էր 2010 թվականին: Գալստյանը նաև պարտավորվել է իր միջոցներով կատարելագործել և մոդերնիզացնել տեխնիկան:
Բացի այդ նշված գումարով մատակարարը պարտավորվել է համակարգերի հետ միասին Հայաստանին փոխանցել ավելի մեծ քանակի պահեստամասեր, հրթիռներ, քան նախատեսված էր 2010 թվականի պայմանագրով:
Բացի այդ, ըստ աղբյուրի, համակարգերի հետ մատակարարվել է նաև սպասարկող սարքավորում, որի նմանակը Հայաստանը երբևէ չի ունեցել:
Քանի որ «ՕՍԱ-ԱԿ» և «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի էֆեկտիվության շուրջ վերջին օրերին հնչեցին տարբեր կարծիքներ, մենք փորձեցինք ճշտել նաև դրանք գործնականում կիրառած մասնագետների կարծիքներ ևս: Մեր զրուցակիցները մեզ փոխանցեցին, որ թե ապրիլյան պատերազմի օրերին, թե այսօր այդ համակարգերը լավագույնս են դրսևորել իրենց: Որպես ապացույց բերեցին երկու օր առաջ թշնամու Օրբիտեր-3 խոցումը:
Ճիշտ է, նշեցին մեր զրուցակիցները, ներկայումս կան ավելի արդիական հակաօդային համակարգեր` օրինակ TOP-ը, որոնցից հայկական բանակը ևս ունի, բայց դրանք «ՕՍԱ-ԱԿՄ»-ից 4-6 անգամ ավելի թանկ են:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO