HAYASTAN.PRO

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել



Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այսօր այդ մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ինքը՝ վարչապետը։ Նրա փոխանցմամբ, վարակը հայտնաբերվել է նաև նրա ընտանիքի անդամների մոտ։
«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։ Ընդ որում, ասեմ, որ ախտանշան չեմ ունեցել, պարզապես պետք է մեկնեի առաջնագիծ, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ։ Թեստավորվեց նաև ամբողջ ընտանիքը և պարզվեց, որ ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք։ Ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չունենք, ամեն առավոտ ջերմաչափվել եմ և ջերմություն չեմ ունեցել», - հայտարարել է վարչապետը։
Նրա փոխանցմամբ, ընտանիքի անդամները վարակվել են իրենից։ Ինչ վերաբերում է իր վարակմանը, վարչապետը նկատել է, որ աշխատանքային խորհրդակցության ընթացքում է վարակվել։ «Ես կռահում եմ, թե ինչից եմ վարակվել։ Մի դեպք էր եղել վերջերս, որը տպավորվել է իմ մեջ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում։ Ես մի օր արձանագրեցի այդ բաժակները առանց ձեռնոցի դնելու փաստը։ Իհարկե, նկատողություն արեցի ու առաջարկեցի փոխել։ Ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այդ մատուցողը, որը մատուցում էր այդ բաժակը, նրա մոտ նույնպես հաստատվել է դրական», - ընդգծեց վարչապետը։
Նա ասաց, որ մեկուսացվել է, բայց լինելու է աշխատանքային ռեժիմով, կապի մեջ լինելու է վարչապետի կեցավայրից։
Այդուհանդերձ, նա կոչ արեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO