HAYASTAN.PRO

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են 27-ամյա վարորդի BMW-ն ու 57-ամյա վարորդի «06»-ը. վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում



Երեկ՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Այգեստան-Դվին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Դվին գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Արմեն Խաչատրանի վարած BMW 520 մակնիշի և 57-ամյա Հրաչիկ Հարությունյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Հարությունյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 55-ամյա Սամվել Գևորգյանը, 49-ամյա Լիլյա Գևորգյանը և 22-ամյա Վազգեն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները «06»-ի ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Ըստ բժիշկների՝ վիրավորներից մեկը գտնվում է ծանր, մյուսները՝ միջին ծանրության վիճակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO