HAYASTAN.PRO

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս


Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիրուսի հետևանքով մարզում մահացել է 1 մարդ):
Մարզպետը տեղեկացրել է, որ ավելացել է նաև «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը.
«54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»:
Ինչ վերաբերում է «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելուն, Անդրեյ Ղուկասյանն ասել է.
«Արտադրամասում քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, պետք է 14 օր ինքնամեկուսանան, հետևաբար «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես, թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»:
Մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ ընդլայնվել է նաև աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաև այն համայնքներում, որտեղ մինչ օրս վարակակիրներ չեն եղել:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO