HAYASTAN.PRO

Վճարային տերմինալները՝ Telcell, easypay, հնարավոր է, շուտով կոմունալ վճարներ չընդունեն



Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չի առարկել Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ՓԲ ընկերության դիմումը՝ վճարահաշվարկային ծառայությունների (Telcell, Easypay, Idram) հետ պայմանագիրը չեղյալ համարելու մասին։ Այդ մասին InfoPort.am-ի տեղեկությունը հաստատեցին նաև ՀԾԿՀ-ից։
ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը InfoPort.am-ին ասաց, որ ՀԷՑ-ը գրությամբ դիմել է ՀԾԿՀ՝ համաձայնություն ստանալու համար։
«ՀԷՑ-ը գրությամբ դիմել է Հանձնաժողով, որպեսզի մենք համաձայնություն տանք, որ ընկերությունը չեղարկի վճարահաշվարկային ընկերության հետ կնքված պայմանագիրը։ Հանձնաժողովը չի առարկել ներկայացված դիմումին», -ասաց Լիանա Ազիզյանը։
Նրա ներկայացմամբ ՀԷՑ-ի հետ հարաբերությունների կարգավորումն այնպիսին է, որ ընկերությունը վճարային հարաբերությունների հետ կապված հարցերի մասին իրազեկում է ՀԾԿՀ-ին։ Այդ է պատճառը, որ ընկերությունն այդ հարցով գրությամբ դիմել է Հանձնաժողովին։ Սա նշանակում է, որ քաղաքացիներն այսուհետ չեն կարող էլեկտրաէներգիայի գումարները վճարել փողոցներում կամ խանութներում դրված տերմինալներով կամ վճարային հավելվածներով։
ՀԷՑ-ից փորձեցինք հստակ տեղեկություն ստանալ, թե ինչու են որոշել հրաժարվել վճարահաշվարկաին ծառայություններից, սակայն մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն ասաց, որ այդ պահին չի տիրապետում տեղեկությանը և ասաց, որ կպատասխանի։
Երկու օր է անցել, սակայն ՀԷՑ-ից որևէ պաշտոնական պատասխան չկա։ Ինչ վերաբերում է մյուս՝ «Վեոլիա ջուր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին, ապա վերջինները նույնպես, մեր տեղեկություններով հրաժարվում են տերմինալները և վճարային հավելվածները սպասարկող ընկերությունների ծառայություններից։
ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Այվազյանն ասաց, որ այդ ընկերությունների պայմանագրերը երկկողմ պայմանագրեր են, և նրանք իրենք էլ կարող են առանց երրորդ կողմի իմացության, չեղյալ համարել դրանք։
Նկատենք, որ կոմունալ վարձերը վճարային հավելվածների և տերմինալների միջոցով վճարելու հնարավորությունից մարդկանց զրկելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հատկապես համավարակի ժամանակաշրջանում։ Դա նշանակում է, որ բանկերի դիմաց մարդկային կուտակումների թիվը եռապատկվելու է։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO