HAYASTAN.PRO

Երևանում երեկ տեղի ունեցած սպանության կատարողը ձերբակալվել է



2020 թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ս.Տարոնցի փողոցում գտնվող «Մաքս» խանութի դիմաց երիտասարդ է ընկած, կրակոցների ձայն է լսվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և կատարված զննությամբ հայտնաբերվել է 1982թ. ծնված՝ Երևան քաղաքի բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով: Վերջինիս ձախ ոտքի գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված կարմրադարչնագույն հեղուկով: Դեպքի վայրից հայտնաբերվել է նաև 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 պարկուճ և 2 գնդակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Նույն օրը Երևան քաղաքի 32-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, և վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ:
Վերջինս ձերբակալվել է՝ 38-ամյա տղամարդու սպանության կասկածանքով:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO