HAYASTAN.PRO

Տավուշի մարզում 50-ամյա վարորդը շաքարավազով բարձված բեռնատարով կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները



Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը և ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բուդաղյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվլ է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով և կողաշրջման հետևանքով այն ամբողջովին թափվել է։
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO