HAYASTAN.PRO

Թաթոյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին



«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե Կապանի հայտնի դեպքերի և դիմակ չկրելու համար քաղաքացուն բերման ենթարկելու մասին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ինչ գործընթաց է իրականացվում։
Անդրադառնալով ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին՝ Արման Թաթոյանը նշեց, որ այն ուսումնասիրել են և աշխատակազմին հանձնարարվել է այցելել ոտիկանության բաժին՝ տեսակցելու բերված ենթարկվածին և ծանոթանալու փաստաթղթերին:
«Ուզում եմ հատուկ նշեց, որ ոստիկանությունն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու հնարավորություն: Ինչպես ցանկացած իրավական պետությունում, այնպես էլ Հայաստանում, իրավախախտում թույլ տված ցանկացած անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը միշտ պետք է լինի համաչափ այն իրավախախտմանը, որը կատարվում է»,- ասաց Արման  Թաթոյանը:
Օմբուդսմենը նաև հայտնեց, որ բերման ենթարկվածների փաստաբանները հայտնել էին՝ կներկայացնեն բողոք, բայց որքան տեղյակ է, բողոք դեռ չեն ներկայացրել:
Ինչ վերաբերում է Կապանի դեպքերին, ՄԻՊ-ն ասաց, որ այն դետալականացման առումով այնպիսի տվյալներ է պարունակում, որ պահանջում են քրեական վարույթի իրականացում:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO