HAYASTAN.PRO

Facebook-ը կես տարի պահում է բոլոր գրառումները՝ նույնիսկ ջնջածները․ գաղտնալսման թիրախում առավելապես լրագրողներն ու քաղաքական գործիչներն են. փորձագետ



Եթե մենք խոսում ենք բջջային հեռախոսով, արդեն իսկ կա մեծ խնդիր, քանի որ այն չի ենթադրում շատ մեծ գաղտնագրում: Իսկ գաղտնալսման ինստիտուտը կա։ Այս մասին այսօր մեդիափորձագետ, համացանցային անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց առցանց զրույցի ժամանակ։
Մաչտիրոսայնը ներկայացրել է, թե ի՞նչ առավելություններ ունեն Whatsapp-ը, Viber-ը և Telegram-ը, եւ ինչո՞ւ է նախընտրելի Signal-ը։
«Եթե Ձեզ լսեն, դուք ինչ-որ քխիկ բաներ խոսեք, ու դա ցույց տան դատարանում, պիտի ցույց տան նաեւ բարաթը՝ ինչ հիմքով են Ձեզ գաղտնալսել»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մինչեւ վերջերս գաղտնալսման իրավունք ուներ միայն ԱԱԾ-ն, իսկ ոստիկանությունն ամեն անգամ պիտի խնդրեր, որ ԱԱԾ-ն դա թույլ տար, իսկ հիմա այս երկուսը բաժանվել են եւ ամեն մեկն առանձին է գաղտնալսում:
Ըստ օրենքի՝ դա թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ:
«Ունենք կորոնավիրուսային պայքարի դեմ միջոցառում, որով մեր զրույցների մետատվյալներն են պահվում՝ ում եմ զանգում, ինչքան եմ խոսում. այսինքն՝ սրանով առնվազն կարելի է իմանալ մարդու կապերը: Եթե մենք խոսում ենք բջջային կապով, մենք գլխանց խոցելի ենք: Առնվազն, մեր հեռախոսի մետատվյալներն են ֆիքսվում՝ ում հետ եմ շատ խոսում, ում հետ եմ գիշերվա կեսին խոսում, ում հետ եմ սկսել ավելի շատ խոսել, ում հետ՝ քիչ:
Սրանից բխում է, որ եթե մենք ուզում ենք պաշտպանված կապ ունենալ, ապա առնվազն պետք է ֆիքսենք, որ ամենախոցելի կապը բջջային կապն է: Եթե դուք խոսում եք մեսենջերով, ավելի լավ է: 
Ձեր եւ ձեր ընկերոջ միջեւ նստած է ադմինը, որ կարող է կարդալ ձեր ամբողջ նամակագրությունը. այսինքն՝ նախ, Դուք թափանցիկ եք ֆեյսբուքի ադմինիստրացիայի համար: Սովորաբար դա ոչ մի բան է, քանի որ Դուք իրենց չեք հետաքրքրում, բայց եթե քրեական գործ լինի ու Դուք դրա պոչից կպած լինեք, Ձեր տվյալները կարող են դուրս բերվել: Երկրորդ՝ ֆեյսբուքն առնվազն կես տարի պահում է Ձեր բոլոր գրառումները՝ նույնիսկ Ձեր ջնջածները: Եվ եթե, օրինակ, հաքերները կոտրեն ֆեյսբուքն ու հանրայնացնեն ամբողջ բազան, ապա Ձեր՝ նույնիսկ ջնջած նամակագրությունը կարող է հայտնվել բաց դրված»:
Զրույցը դժվարհասանալի դարձնելու նպատակով կարող եք նույն ֆեյսբուքով ոչ թե գրել, այլ՝ զանգել. դա ավելի բարդ վերծանվող է, այսինքն՝ շատ ավելի անվտանգ դիրքում եք լինում:
Հաջորդ շերտն ավելի լուրջ գաղտնագրումն է, որ սարքից-սարք ձեւով է: Այստեղ ոչ թե մեր եւ զրուցակցի միջեւ ֆեյսբուքի սերվերներն են, այլ՝ հենց մեր հեռախոսները:
«Եթե, օրինակ, մենք գրում են Վոթսափով, մեր հեռախոսներն են գաղտնագրում, իսկ նրանց ադմինների համար դա լինում է անհասկանալի: Եվ եթե դուք Վոթսափով կամ Վայբերով եք խոսում, Ձեր զրույցն անընթեռնելի ձեւով կհայտնվի: Բայց այստեղ էլ խնդիր կա. եթե Դուք ուզում եք, որ անհայտ մութ ուժեր Ձեզ չգաղտնալսեն, մեսենջերը լրիվ նորմալ է, եթե դուք թիրախ եք, խնդիրն ավելի բարդ է: Խնդիրն այն է, որ սրանք ստեղծված են փակ կոդով. այսինքն՝ միայն արտադրողը գիտի՝ ինչ հնարավորություն ունեն. իսկ, ենթադրաբար, ունեն միկրոֆոնով տվյալները կորզելու հնարավորություն»:
Մարտիրոսյանը նշեց, որ կան կասկածներ, որ Վոթսափը համագործակցում է Բրիտանիայի գաղտնի ծառայությունների հետ, այսինքն՝ թեպետ հիմա այստեղ նստածներս հազիվ թե հետաքրքրենք նրանց, բայց այդ ցանցերը կարող են նաեւ ընդլայնվել:
Նրանց համար, որ «շատ կարեւոր զրույցներ» են ունենում, կան բաց ծրագրեր. «Դրանք հրապարակում են իրենց ամբողջ ծրագրային կոդը՝ յուրաքանչյուր ծրագրավորող կարող է կոդերը ընթերցել եւ համոզվել, որ մեջը ոչ մի վատ բան չկա, այսինքն՝ որ այս ծրագիրը հնարավորություն չունի Ձեզ գաղտնալսելու: Այս դեպքում Դուք ավելի պաշտպանված վիճակում եք: Սրանցից են՝ Թելեգրամը, եթե խոսում եք Սիքրիթ-չաթով, եւ «Սիգնալ»-ը, որ ամբողջությամբ տակնուվրա է արված երրորդ կողմի փորձագետների կողմից, եւ համոզված ենք, որ ոչ մի տվյալ չի պահում»:
Լրացուցիչ խնդիրներից մեկը Ձեր անձնական հեռախոսն է՝ առավել խոցելի են հին հեռախոսները, որ չեն թարմացվում, քանի որ Ձեր հեռախոսի մակարդակում Ձեզ վրա կարող է իրականացվել հարձակում.
«Եթե Դուք քաղաքացի եք, այդքան լուրջ մի մոտեցեք, բայց եթե, օրինակ, լրագրող եք, ու Ձեր հեռախոսը Սերժի վախտերով դադարել է թարմացվել, ապա Դուք արդեն խնդիր ունեք, անցեք աղունիկով տարբերակին»:
Խնդիր է նաեւ երկրորդ անձի՝ զրուցակցի հեռախոսը, որը պարզապես կարող է ընկնել ուրիշի ձեռքը, եւ ձեր նամակագրությունը դառնա հասանելի երրրոդ մեկին: Դրանից խուսափելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս. Հեռախոսը միշտ պետք է Ձեզ հետ լինի, եթե տանը չեք: Պիտի հեռախոսի էկրանն ունենք «փակ», որ ամեն շունուշանգյալ չկարողանա մտնել ու կարդալ Ձեր հաղորդագրությունները: Նաեւ, լավ կլինի՝ օգտագործեք թայմեր որոշ ժամանակ անց զրույցի ոչնչացման համար: Օրինակ, ենթադրենք, Ձեզ պետք է գաղտնաբառ ուղարկել. դա արդեն լավ միտք չէ մեսենջերով գաղտնաբառ ուղարկելը, բայց, ասենք՝ պետք է: Եթե ուղարկելիս Դուք միացնեք թայմերը, ապա կարող եք վստահ լինել, որ եթե մյուս կողմը փնթի էլ լինի, այդ գաղտնաբառը չի իմացվի»:
Ամփոփելով՝ Մարտիրոսյանը երաշխավորում է. եթե այսքանն անեք երկկողմանի, ապա Հայաստանում հազիվ թե որեւէ մեկը կարողանա Ձեզ գաղտնալսել:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO