HAYASTAN.PRO

Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը․ ԱԱԾ (տեսանյութ)



ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին:
Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի և «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian» տվյալներով օգտատիրոջ կողմից տարածվել է տեսանյութ, որում իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում, որտեղ մնացել են կորոնավիրուսի պատճառով, և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է, որին կցվել է նախապես պատրաստված ձայնագրությունը: Պարզվել է նաև, որ նշված տեսագրությունը տարածելու համար ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդը «Վոթսափ» հավելվածում գրանցել է խումբ, որում ներառել է մի քանի տասնյակ հայկական հեռախոսահամարներ և միաժամանակ վերջիններիս ուղարկել այդ տեսագրությունը:
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և սիրողական մակարդակով բարձրացնել անդունդում գտնվող ադրբեջանական ժողովրդի «մարտական ոգին»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում ենք բջջային հավելվածներով և սոցիալական կայքերով շփումներում լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:



© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO