HAYASTAN.PRO

Հայաստանն ԱՄՀ-ից 315 մլն դոլար բյուջետային վարկ կվերցնի



Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղայակ Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ ապրիլի 25-ին ԱԺ-ն հաստատեց «Պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի նպատակն էր՝ հնարավորություն տալ ավելի շատ միջոցներ ներգրավել դեֆիցիտի ֆինանսավորման համար։
«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսության մեջ առաջացան շոկեր, իսկ ներքին տնտեսությունում՝ սահմանափակումներ, որոնք, բնականաբար, իրենց ազդեցությունը թողեցին նաև մեր ծրագրված ցուցանիշների վրա»,- ասաց նա։
Այպիսիով, ըստ Արմեն Հայրապետյանի, հաշվի առնելով մի շարք գործոններ, տնտեսական աճի կանխատեսումներով ենթադրում են, որ կունենանք 2% ՀՆԱ-ի իրական աճի նվազում, մինչդեռ բյուջեով ծրագրված էր 4.9% տնտեսական աճ։
«Այս պայմաններում, բնականաբար, մեր անվանական ՀՆԱ-ն նվազեց և, եթե բյուջեով ծրագրավորել էինք, որ կունենայինք 7,1 տրիլիոն անվանական ՀՆԱ-ի մեծություն, ապա բյուջեի փոփոխությունների հիմքում արդեն ակնկալում ենք, որ կլինի ավելի ցածր՝ մոտ 6,5 տրիլիոն անվանական ՀՆԱ։ Այդ նվազումը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, իսկ մյուս կողմից, որպեսզի կառավարությունն իրականացնի հակացիկլիկ քաղաքականություն, 150 մլրդ դրամի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար քայլեր ձեռնարկեց»,- ասաց Արմեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:
«Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը»,- ընդգծեց նա:
Այսպիսով, ըստ նրա, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը:
«Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում»,- նշեց Արմեն Հայրապետյանը։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO