HAYASTAN.PRO

Վերջին շրջանում խոշոր բռնկումներ չկան, բայց վարակն ամենուր է և պետք է պաշտպանվենք դրանից. նախարար



Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե վարակի տարածման առումով ինչ գնահատական ունեն։
«Ամենակարևոր հարցերից մեկը, որի պատասխանը պետք է ստանանք հետևյալն է. եթե ասենք՝ 10-15 օր առաջ  ունեինք դրական ախտորոշված ինչ-որ թիվ, մենք գիտեինք, որ իրականում վարակակիր քաղաքացիների իրական թիվը առնվազն մի քանի անգամ ավելի է: Տարբեր գնահատականներ էին հնչում՝ 60-100 հազար եւ ավելի: Հիմա կարեւոր է հասկանալ, էս նոր դեպքերը, այս նոր ախտորոշումները ինչքանով են մեր իմացած այս 60-100 հազար թվի շրջանակներում, եւ մյուս կողմից որքանով է այս թիվը մեծանում: Այսինքն վարակի տարածման առումով ինչ գնահատական ունենք»,-ասաց վարչապետը։
Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց. «Եթե նույնիսկ հնարավոր լինի բոլորին նույն օրը հետազոտել, մենք միեւնույն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետեւ վարակված քաղաքացիներ կան, որոնց վարակման դեպքը տեղի է ունեցել այսօր, բայց  հնարավոր է վիրուսն իր մոտ հայտնաբերվի 4-5 օրից:
Իհարկե, թեստավորման ծավալների ավելացումը կբերի նոր դեպքերի, որոնց մի մասը հնարավոր է լինեն ասիմպտոմ եւ երբեք էլ չհաստատվեն: Գնահատական թվի մեջ քաղաքացիներ են, որոնք որեւէ սիմպտոմ չունեն: Այդ թիվը դուրս է բերվում զուտ հաշվարկելով տարբեր երկրներում ստացված մահացության իրական ցուցնիշները:
Օրինակ, երբ ստացված թվերից տոկոս ենք հանում և ստանում ենք մահացության 1,7 տոկոս, սակայն մենք գիտենք, որ ավելի ծանր տարած երկրներում հաշվարկել են հակամարմինների առկայությունը շատ խոցված բնակավայրերում եւ ստացել են, որ մահաբերությունը տատանվում է 0,3-0,4 տոկոսի սահմաններում: Դրանից ենք մենք ստանում այդ 60 հազարը կամ 100 հազարը Հայաստանում»։
Նրա խոսքով՝ եթե 400 մահերից հաշվարկեն 0,4 տոկոսով, ապա 100 հազար է մոտավորապես ստացվելու:
«Սակայն այդ թիվը երբևէ եղած դեպքերն են, այսինքն դրանց մի մասը եղել, լավացել են: Այսինքն՝ դժվար է ասել, որ հենց այս պահին ունենք 100 հազար վարակակիր, մենք ունենք ավելի քիչ։ Ակտիվ վարարակիրների թիվը շատ դժվար է հաշվել»,- ասաց նա։
Արսեն Թորոսյանը նաև նշեց, որ ունեն տարիքային խմբերի որոշ վերլուծություն.
«Օրինակ հաշվարկված միտում, որ երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի մոտ տարածվածության տեմպը չի աճում: Բայց տարեցների մոտ հակառակն է, որքան տարիքը բարձրանում է, այնքան տարածվածության աճի տեմը մեծանում է»։
Ինչ վերաբերում է աշխարհրագրական տարածվածությանը, նախարարն ասաց, որ օրինակ Վանաձորում վերջին երկու շաբաթվա ընթացքում տեմպը աճել էր, Երևանում եթե առաջ տարբեր շրջաններում տարբեր էր, հիմա գնում է կայունացում, այսինքն՝ Երևանը դառնում է մեկ մեծ օջախ. «Վերջին շրջանում խոշոր բռնկումներ չկան, բայց վարակն ամենուր է և պետք է պաշտպանվենք դրանից»:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO